Հետեվիր մեզ:
5Սեպտեմբեր

8 տպավորիչ մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպից

«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս- դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր, և նրա գտնվելու վայրը հայտնի չէր: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել: Ինքը` Փաշինյանը, պնդում է, որ ընդհատակում գտնվելու ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չի լքել Հայաստանը:

1 Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երևան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ` երկրի հակառակ կողմից:

2․- Դե, Վիկտոր ջան, թույլ տուր այս փոքր բաժակով, բայց մեծ սրտով խմել քո կենացը, ցանկանալ քեզ հաջողություններ աշխատանքի մեջ և անձնական կյանքում,- հայերեն ասացի ես ու սկսեցի թարգմանել: Վիկտորը զարմացավ «այս փոքր բաժակով» արտահայտության վրա.

- Բայց քո ձեռքին լիտրանոց բաժակ է,- ասաց նա:

- Դե պատկերացրու՝ սիրտս ինչքան մեծ է,- վրա բերեցի ես»:

3․«Գնացքի պատուհանից նայելը և մտորումների գիրկն ընկնելը չափազանց հաճելի զբաղմունք դուրս եկավ: Իմ կուպեի պատուհանից, սակայն, չէի ուզում տեսնել Շվեյցարիան կամ Գերմանիան ու չէի տեսնում: Գնացքի պատուհանից նայելով՝ փնտրում էի ապագայի Հայաստանը, ուրվագծում էի ապագայի Հայաստանը, տեսնում էի ապագայի Հայաստանը. կղմինդրե տանիքներ, բարեկարգ տներ, ծաղկի մեջ կորած բակեր, ժպտադեմ գյուղեր, հպարտությամբ ճառագող մարդիկ, մահվան վրա մատ թափ տվող տատիկներ և պապիկներ, ազատ երիտասարդություն, իրենք իրենց և ոչ թե հարևանի համար ապրող ընտանիքներ, ընտանեկան ռեստորաններ, հարգված իշխանություններ, վստահություն ապագայի նկատմամբ, անտառների մեջ չտեղավորվող կենդանիներ, լիաթոք, լիաթոք շնչառություն, Հայրենիքի լիաթոք զգացողություն, օրենքի անսակարկելիություն, ազատություն, ազատություն, որ զգում ես կրծքիդ տակ:

4․Բայց մի՞թե սա կարելի է ճամփորդություն համարել: Հը՞: Գուցե սա իսկապե՞ս փախուստ է: Բայց ի՞նչ փախուստ. մի՞թե կարելի է Հայաստանից փախչել՝ Հայաստան գնալով: Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան՝ երկրի հակառակ կողմից: Բայց մի՞թե ճամփորդություն կարելի է համարել Երևանի մի կետից մյուս կետը հասնելը: Չէ՞ որ Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել:

5․Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր: Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, և փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ:

6․Այո, ախպերս, ես լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ ես սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ես ինձ չեմ պատկերացնում առանց նրա: Ավելին, եթե ես լրագրող չդառնայի, չէի հանդիպի նրան, ում սիրում եմ: Ես չէի էլ կարող երազել անգամ, որ ինձ կվիճակվի այդպես սիրել:Եվ իմ կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե ես լրագրող չդառնայի։

7․․...Կարծես՝ մինչ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել,որովհետև շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը:Հեղափոխականի,հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի,գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին,ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը,Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը,Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը,Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը:

Բայց քավ լիցի,սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին,որովհետև այդ խնդիրը լուծվեց,այդ խնդիրը լուծեց նա,ով հաղթական մտավ այս քաղաքը,և որի անունն է Էռնեստո Չէ Գևարա:

Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ,ամենամեծը,առաջինը,անգերազանցելին: Իսկ ինչում է նրա մեծությունը.առաջին հերթին՝շատ պարզ,բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձևի.հաղթել,և հրաժարվել հաղթանակի վայելքներից:Չէ Գևարան,թերևս,հասկացավ,որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար,իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի,իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ,բայց չպետք է հաստատի իշխանություն և օրենքներ:Ես այսպես եմ հասկանում Չէ Գևարային:ԵՎ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա.իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի:

Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ,բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ և չպետք է ունենա իշխանություն...

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը,որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգեր,իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում:Բայց վայ այն հեղափոխականին,որ դա անում է հանուն սեփական իշխանության:Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ,մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից,բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում,այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին,և իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին:Իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասման,նախատեսված բոլոր նրանց համար,ովքեր հավատում են միայն իրենց տեսածին և քամահրանքով են վերաբերվում Աստվածային ցասման վիրտուալ սպառնալիքներին:

8․ Մահ կամ ազատություն: Հավատա, որ ես հարգում եմ այդ կարգախոսը, սիրում եմ այն: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակի և տարածության մասին, մոռանում ենք, որ աշխարհը փոխվում է: Եթե 18 թվականին մենք Երևանի մոտ` Սարդարապատում և Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, պետություն չէինք ունենա: Իսկ եթե 88 թվին մենք փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն, որովհետև մենք չէինք կարող թուրքերի դեմ կռվել և՛ Մասիսում, և՛ Սիսիանում, և՛ Վարդենիսում, և՛ Ղարաբաղում, և՛ Նախիջևանում, և՛ Հայաստանում սահմանի ողջ երկայնքով: Իսկ եթե 15 թվին կռվեինք թե՛ Ստամբուլում, թե՛ մնացած բոլոր տեղերում, գուցե թե փրկվեինք: Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից եւ կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ` հաշտվում։

Հեղինակ: Ovsan Khachatryan
Մեկնաբանություններ