Ինչպե՞ս ճիշտ ընտրել խոհանոցային գիրքը

Լավագույն ուտեստները ստեղծվում են երևակայության մեջ: Սակայն արդյունքում պատրաստման գաղտնիքները կարող են շատ հեշտ մոռացվել ժամանակի ընթացքում: Իսկ քանի որ համտեսողը համը երբեք չի մոռանա և կարող է կրկին պահանջել, պետք է միշտ պատրաստ լինել կրկնել <<հրաշագործությունը>>: Այդ իսկ պատճառով անպայման պետք է գրանցել ցանկացած հաջողված ուտեստի պատրաստման եղանակը: Այստեղ շատ կարևոր է ընտրել ճիշտ խոհարարական գիրք, որպեսզի այն երկար և խնամքով պահպանի սիրելի ուտեստների բաղադրատոմսերը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ցանկացած շատ թե քիչ հաստ տետրի մեջ կարելի է գրանցել բաղադրատոմսերը, սակայն այս գործում էլ կան բազմաթիվ նրբություններ: Գիրքն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հատկանիշների.
- Հաստ կազմ
Տարիների ընթացքում խոհարարական գրքի մեջ տարաբնույթ թերթիկներ և թղթեր են հավաքվում. Այս պարագայում բարակ կազմով գիրքը կարող է հեշտությամբ բաժանվել մասերի, իսկ հաստ կազմը երկար և անվնաս կպահպանի գրքի պարունակությունը:
- Մաքրվող մակերես
Գերադասելի է, որ խոհանոցում օգտագործվող գիրքն ունենա մաքրվող կազմ: Բոլորս էլ գիտենք, որ շատ հաճախ, ինչքան էլ ուշադիր լինենք, գիրքը կարող է հայտնվել կա'մ թափված ալյուրի, կա'մ խոնավ մակերեսի վրա: Չմաքրվող կազմի դեպքում այս բոլոր արկածներից հետո մենք կունենանք մի գիրք, որը կամաչենք ցույց տալ նույնիսկ ամենամտերիմներին:
- Հաստ թերթեր
Եթե ուզում ենք ունենալ հասկանալի և ընթեռնելի բաղադրատոմսեր, ապա պետք է ընտրենք հաստ թերթերով գիրք: Մենք գիտենք, որ թանաքները լինում են շատ տարբեր որակի՝ դասական կամ գելային, իսկ երբեմն օգտագործում ենք նաև մարկերներ: Կախված գրչի տեսակից, գրված թերթերը կարող են թափանցել, ինչի պատճառով նշումները կդառնան անընթեռնելի:
- Բաժինների առկայություն
Շատ և առանձնացված բաժինների առկայությունը կհեշտացնի գրքի կիրառումը: Ցանկալի է, որ գիրքն ունենա տաք ուտեստների, կարկանդակների, աղցանների, պահածոների, տորթերի և այլ բաժիններ: Բաժինների բացակայության դեպքում հաճախ կարկանդակները կարող ենք գրել տաք ուտեստների բաժնում, իսկ, օրինակ, պահածոները նույնիսկ չհասկանանք, թե որտեղ կարելի է գրել:
- Էջակալում
Ցանկալի է, որ բաժինները լինեն էջակալված, որպեսզի անմիջապես ցանկից կարողանանք ընտրել մեզ անհրաժեշտ բաժինը: Հակառակ դեպքում երբեմն ստիպված ենք լինում թերթել ամբողջ գիրքը, նախքան կգտնենք նախընտրելի բաժինը:
- Օգտակար տեղեկատվություն
Միշտ չէ, որ հնարավոր է հիշել, թե քանի գրամ շաքարավազ է պարունակում 1 բաժակը, քանի րոպե պետք է եփել լեզուն: Այդ պատճառով անպայման ընտրեք այնպիսի խոհարարական գիրք, որը կունենա օգտակար աղյուսակներ, և հարկ եղած դեպքում կհուշի ճիշտ տարբերակը:
- Գրավիչ տեսք
Եվ իհարկե ամենակարևորը՝ գիրքը պետք է ունենա գեղեցիկ և գրավիչ տեսք, որպեսզի ամեն օր ստիպի մեզ օգտվել իր համեղ ներկայությունից:
Դե ինչ, հնարամիտ խոհարար լինելը լավագույն միջոցն է խոհանոցային արվեստի մեջ բարձունքների հասնելու համար, իսկ ձեր հնարքների պահապանը կլինի համեղ և անկրկնելի խոհանոցային գիրքը: