Հետեվիր մեզ:
10Փետրվարի

<<Մի շնչով>> - Խաղում ենք հայերեն

Բոլորովին վերջերս <<Այլ կերպի>> թիմը մեզ է ներկայացրել նոր, սակայն ոչ պակաս բովանդակալից խաղ՝ <<Մի շնչով>> -ը: Այստեղ ևս, ինչպես և նախորդում պահանջվում են ընդհանուր գիտելիքներ, Հայաստանի և հայկականի իմացություն, հումոր, հնարամտություն, սուր միտք և որ ամենակարևորն է ՝ արագություն:Խաղը սկսելուց առաջ մասնակիցներին տրվում է մեկական <<Համատեղ քայլ>> քարտ և խաղաքար, իսկ խաղը սկսելու իրավունքը տրվում է մասնակիցներից ամենակարճահասակին: Նա վերցնում է ընդհանուր բնույթի հարցերից մեկը և բարձր կարդում է իրենից ձախ նստած մասնակցի համար:

Հարցը կարդալուց անմիջապես հետո պետք է շրջել ավազե ժամացույցը: 7 վայրկյանի ընթացքում մասնակիցը պետք է հարցին տա երեք պատասխան, եթե հասցնում է պատասխանել, ապա մեկ քայլ առաջ է շարժվում խաղատախտակի վանդակներով, իսկ եթե չի հասցնում, հերթը միանգամից անցնում է հաջորդին:Եթե խաղացողներից որևէ մեկը կարծում է, որ պատասխանը սխալ է կամ ոչ համահունչ հարցին, ապա մասնակիցները միասին քննարկում և որոշում են՝ ընդունել այդ պատասխանը, թե ոչ: Հաղթում է այն մասնակիցը, ում խաղաքարն առաջինն է հաղթահարում <<Մի շնչով>> քարտեզի բոլոր վանդակները և հասնում վերջնագծին:

Հիշենք, որ 2014թ-ից սկսած մենք ծանոթ ենք <<Այլ կերպ>>-ին ո՛չ միայն որպես թիմային խաղ, այլև լավագույն միջոց հայեցի շփման համար: Ի սկզբանե խաղի նպատակը եղել է խթանել հայերեն բառերի գործածությունը և զարգացնել ճիշտ ու գրագետ խոսքը ՝ միաժամանակ պահպանելով լեզվի անաղարտությունը ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրյա խոսակցականում: Հիանալի տարբերակ՝ համացանցից դուրս շփման համար, ինչն այնքան հազվադեպ է, և ինչի կարիքն այդքան ունի ժամանակակից հայ երիտասարդությունը: Առաջինը, որ աչքի է ընկնում՝ կազմակերպության լոգոտիպն է, որով հանդես է գալիս ընկերությունը: Կազմակերպությունը որպես նշանաբան վերցրել է <<Խաղում ենք հայերեն>> կարգախոսը և բացման օրվանից սկսած չի հիասթափեցնում իր հաճախորդներին: Մի խոսքով ՝ կեցցե՛ն կազմակերպիչները. Հիանալի թիմային աշխատանք և հիանալի արդյունք:

Հեղինակ: Անի Թորոսյան
Մեկնաբանություններ