Հետեվիր մեզ:
9Փետրվարի

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՕՃԱՌ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Թերևս յուրաքանչյուրը, ով տնային պայմաններում գոնե մեկ անգամ փորձել է զբաղվել օճառագործությամբ, ամբողջությամբ կլանվում է այդ աշխատանքով: Առաջին հայացքից թվում է, թե գեղեցիկ, հոտավետ օճառ ինքնուրույն պատրաստելը շատ բարդ է և ժամանակատար, բայց իրականում դա շատ ավելի հեշտ է: Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ այդ տեխնոլոգիայի հետ, և փորձել պատրաստել ինքնուրույն:

Եվ այսպես, օճառը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ՝

1. Օճառի հիմք

Դուք կարող եք ձեռք բերել թափանցիկ, կամ սպիտակ օճառային հիմք մասնագիտացված խանութ սրահներում, կամ օգտագործել մանկական օճառ: Տարբերությունը միայն նրանում է, որ հիմքը, ի տարբերություն օճառի, անհոտ է: Ճիշտ է, այն թույլ է տալիս ստանալ գեղեցիկ, թափանցիկ օճառներ, բայց սկսնակների համար, ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս սկսել մանկականից:

2. Բազային յուղեր

Յուղերը կարող են լինել տարբեր՝ նշի, ձիթապտղի, դեղձի ՝ ըստ ձեր ցանկության:

3. Եթերային յուղ

Եթերային յուղի ընտրությունը կախված է ձեր մաշկի որակից: Օրինակ, թեյի ծառը կհամապատասխանի յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի համար, նարինջը կսնուցի մաշկը վիտամիններով և կազատի ցելյուլիտից, իսկ իլանգ-իլանգը կերիտասարդացնի մաշկը:

4. Գունավորիչներ

Դուք կարող եք գնել հատուկ օճառի գունավորիչներ, կամ օգտագործել կերակրի համար նախատեսվածները,կարող եք նաև բնական միջոցներով տալ տարբեր երանգներ (Օրինակ՝ կակաո, սուրճ, մրգային և բանջարեղենային հյութեր) :

5. Հավելադրումներ

Խորհուրդ եմ տալիս օճառի մեջ ավելացնել նաև հավելյալ բաղադրիչներ ՝ այն էլ ավելի օգտակար դարձնելու համար: Օրինակ ՝ գլիցերին, մեղր, խոտաբույսի թուրմ, դե իսկ եթե ցանկանում եք ստանալ սկրաբ-օճառ, ապա ավելացրեք մանրացրած սուրճ, պնդուկ, ընկույզ և այլն:

6. Օճառի ձևը

Դուք կարող եք ընտրել ցանկացած ձև և ցանկացած նյութի տարա, լինի դա պլաստմասե թե կերամիկական, էական չէ:

7. Սպիրտ ՝ ֆորմայի մակերևույթն օծելու համար, տաք կաթ, թուրմ կամ ջուր՝ հիմքը նոսրացնելու համար:

Ահա և ամբողջը նախապատրաստված է, կարելի է անցնել օճառի եփման գործընթացին:

  • Առաջին հերթին պետք է մանր կտորների բաժանել թափանցիկ հիմքը, կամ քերիչով անցկացնել օճառը. Այդկերպ այն ավելի հեշտ կլուծվի:
  • Հետո ջրային գոլորշու վրա պարբերաբար խառնելով հալեցնում ենք հիմքը ՝ ավելացնելով յուղը 100 գրամին 3 թեյի գդալի չափով:
  • Հիմքի հալեցման ընթացքում պետք է ժամանակ առ ժամանակ ավելացնել մի քիչ կաթ, սերուցք կամ թուրմ: Կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ ջուր, բայց ես խորհուրդ չեմ տալիս, որովհետև հաճախ յուղային զանգվածը մակարդվում է: Իսկ շատ ավելի լավ կլինի, եթե դուք այս բոլորի փոխարեն ուղակի շաքարավազ ավելացնեք, դա նպաստում է հիմքի արագ եփմանը:
  • Երբ հիմքն ամբողջությամբ հալչում է, վերցնում ենք այն կրակի վրայից և ավելացնում ենք բաղադրիչները ՝ հինգ կաթիլ եթերային յուղ, մեկ թեյի գդալ գլիցերին, գունավորիչներ, բուրավետիչներ, սուրճ կամ այլ բաղադրիչներ՝ ձեր ցանկությամբ:
  • Հետո պետք է լցնել օճառը ֆորմաների մեջ և օծել այն սպիրտով: Թողնում ենք այն ֆորմայի մեջ, որպեսզի սառչի: Կարելի է նույնիսկ դնել սառնարանում ՝ պրոցեսն արագացնելու համար: 2-3 օրից կարող եք օգտագործել: Հանեք ֆորմայի միջից և հիացեք ստացված արդյունքով:
Հեղինակ: Անի Թորոսյան
Մեկնաբանություններ